Արմեն Վարդանյանը ճանաչվել է հունվար-փետրվար ամիսների լավագույն գրող

Արմեն Վարդանյանը ճանաչվել է հունվար-փետրվար ամիսների լավագույն գրող

«Ով ով է» կայքը հունվար փետրվար ամիսների լավագույն գրող է ճանաչել դրամատուրգ, սցենարիստ ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ «Մի անգամ Երեւանում» գրքի հրատարակության կապակցությամբ: Մենք զրուցեցին Ա. Վարդանյանի հետ, ով գրքի վրա աշխատել է շուրջ 9-ը տարի:

«ԲԱՐՈՅԱԶՈՒՐԿ ԳԻՐՔ ՉԵՄ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ»

— Այժմ առավել քան երբեւէ մեր հասարակությանը հարկավոր է որակյալ գրքեր ու շատ ընթերցանություն: Հիմա մարդիկ կարդո՞ւմ են:

— Առհասարակ ասում են՝ չկան բարոյազուրկ կամ վատ գրքեր, կան լավ եւ վատ գրված գրքեր: Եթե չեմ սխալվում Մարկ Տվենն է ասել: Ես հույս ունեմ, որ բարոյազուրկ գիրք չեմ առաջարկում:

— Գրքում Դուք ինքներդ Ձեզ հետ հարցազրույց եք վարել եւ այն փոխարինել եք նախաբանով: Ինչպե՞ս առաջացավ նման տարբերվող միտքը:

— Ինձ մոտ անձի երկվություն էր (ծիծաղում է, – հեղինակ): Քանի որ ես ինքս ինձ համարում եմ լավ կարդացած մարդ, ապա գիրք գրելը համարում եմ չափազանց պատասխանատու գործ: Այսինքն, եթե գիրք պիտի գրես, որը լինի ինքնանպատակ, ապա դա իմը չէ: Պիտի լինի ասելիք, իսկ ասելիքն առաջացավ 90-ականների նկատմամբ ներկայիս երիտասարդության մոտ ինֆորմացիայի բացակայությունից: Քանի որ ես նաեւ հաղորդավար եմ, որոշեցի ինքս ինձ հարցազրույց տալ եւ պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք չէի ցանկանա, որ հետագայում տային ինձ: Այն, որ չկարծեն թե պաթոս է՝ պաթոս չէ, այլ 90-ականների նկարագրությունը, որը կարող է այսօր կարդալիս հնչի պաթոսային: Այդ տարիներին դժվար է եղել՝ երկրաշարժից դեռ չսպիացած դեպքերը, այնուհետ պատերազմը, որը հաղթանակած էր, որից հետո շրջափակում, երբ ոչինչ չէր ներմուծվում հայրենիք: Գրքում գրել եմ թիկունքի մասին, երիտասարդության մասին, ինչպես էր այն ժամանակվա երիտասարդ աղջիկը ժամադրության գնալիս պրոբլեմների առաջ կանգնում, իսկ այսօրվա երիտասարդը չունի նման պրոբլեմ, բայց ունի այլ պրոբլեմ: Իրականում 10 րոպե «Վայ Ֆայի» բացակայությունն այդքան էլ մեծ խնդիր չէ: Ես դա եմ նաեւ նկարագրել:

— Ես անգամ հիշեցի, որ մի գիրք ձեռք բերելու եւ կարդալու համար, դիմում էինք ամենատարբեր հնարքների:

— Այո, անգամ մենք Մոսկվայից էինք գիրք բերել տալիս, գնում օդանավակայան դիմավորում, որ կարդանք գիրքը: Մեր ֆակուլտետը այն ժամանակ նոր էր բացվել եւ հայերեն մասնագիտական գրքեր դեռ չկային, ստիպված այդ Ձեր ասած հնարքներին էինք դիմում: Իսկ հիմա ինտերնետ, արհեստական բանականություն եւ վերջ:

— Ո՞րն էր ավելի լավ: Գրքի հոտը չէ՞

— Այո, հիմա ես որպես սցենարիստ ասեմ, կան տաղանդավոր մարդիկ, որոնք շատ ֆիլմ են դիտել եւ կինոման են: Բայց այն մարդիկ, ովքեր ընթերցել են գիրք, առավելություն ունեն: Ասեմ ինչում, որովհետեւ երբ կարդում ես, տեսարանը քո պատկերացումով ես բեմադրում, զարգանում է ֆանտազիան եւ ակամայից ռեժիսորը դու ես դառնում: Այսինքն՝ ընթերցած սցենարիստն ունի առավելություն:

«ԱՅՍ ՍԵՐՈՒՆԴԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ ՈՉԻՆՉ ՉԳԻՏԻ»

— Ամեն անգամ այժմյան սոցցանցերին անդրադառնալով՝ մի տեսակ կծկվում եմ, որովհետեւ այն, ինչ հիմա տեսնում ենք այդ տիրույթում, հիմնականում ցածրորակ է: Եվ շատ կարեւոր է, որ Ձեր նման մարդիկ՝ սցենարիստներ, շոումեններ եւ գրողներ, անդադար լինեն եթերներում, որպեսզի սովորեցնեն, մատուցեն բարձրորակը: Ի՞նչ կասեք այն ամենի մասին ի՞նչ կատարվում է սոցցանցերում:

— Ես դա բացարձակ միայն մեր՝ հայերիս խնդիրը չեմ համարում: Դա ողջ աշխարհում է այդպես, գլոբիզացիայի արդյունքն է, որ բոլորը մտել են հեռախոսի մեջ: Հիմա այդտեղ աշխատող հումորիստն ու բլոգերն ունի 30 վայրկյան, որպեսզի հասցնի իր հումորն ու խոսքն ասի: Հետեւաբար, ամենաբաց կատակը, տեքստը նա պետք է արագ մատուցի, որպեսզի լայքեր հավաքի: Այդ դեպքում հաճախ որակը կորում է: Եվ ստացվում է, որ նման կերպ նրանք հեշտ գումար են վաստակում: Իսկ հանրօգուտ աշխատանքը մղվում է 3-4 պլան: Մինչդեռ 90-ականներին գոյապահպանման խնդիր կար: Առավոտը արթնանում էիր ու մտածում՝ որտեղից փայտ ճարես, որ տունդ տաքացնես, կամ ընդհանրապես ջուր կունենաք, թե պետք է սառած աստիճաններով, ոտքով 9 հարկ իջնես ներքեւ, որ ջուր բարձրացնես վերեւ: Այսինքն         20-րդ դարում՝ մայրաքաղաքում ապրելով, ակամայից հայտնվել էիր նախնադարում, որտեղ կոնկրետ ուտելու կամ գոյատեւելու համար պետք է ֆիզիկական աշխատանք կատարեիր: Էլ չասեմ հացի հերթերը, որ 200 գրամ հաց էինք գնում՝ չեկով: Ես ամբողջն ուսումնասիրել եմ, ազգային գրադարան եմ գնացել եւ այն ժամանակվա անգամ եղանակն եմ ստուգել: Ես հենց 1993 թվականի ձմռան մասին եմ գրել: Ուղիղ 15-20 օր փետրվար ամսին, եթե չեմ սխալվում -20-ից չէր տաքանում եղանակը: Գիտե՞ք, իմ մոտ հարց առաջացավ եւ ես իմ սերնդակիցներից հարցրեցի, թե 90-ականներից ինչն են ամենից շատը հիշում: Բոլորը հիշում էին ձմեռը, բայց չէ որ գարուն էլ է եղել, ամառ՝ միրգը հասել է եւ այլն, բայց՝ չէ, բոլորը ձմեռն են հիշում: Դա ինձ շատ հետաքրքրեց՝ որպես նախկին սոցիոլոգ, թե ինչու եւ հասկացա, որ այն ժամանակվա հոգեբանության մեջ մեծ գործոն է եղել այդ տարիների մարդկային շփումը՝ հարեւանների, բարեկամների հետ, որն այս օրերին, կարծես, քչացել է, ինչպես ասացիք, բոլորը մտել են հեռախոսների մեջ: Ու գուցե մարդիկ դրան են կարոտել: Գրքում անգամ ունեմ նկարագրված նման տեսարաններ, որտեղ վերջում՝ արդեն մեր այս ժամանակաշրջանում հանդիպում են հին ընկերները: Գիրքը ընկերության եւ երկու եղբայրների մասին է: Շատ «սպոյլեր» չանեմ, պարզապես ասմ, որ երկու եղբայրները շատ տարբեր են եղել: Յուրաքանչյուր կերպար հավաքական կերպար է, բայց նաեւ մեր իրականությունից վերցված է: Ես շատ եմ սիրում նուրբ ընթերցողներին: Եղել են մարդիկ, որոնք կարդացել են «Մի անգամ Երեւանում» գիրքս ու ասել են, որ ողջ պատմության ընթացքում երկու եղբայր չնայած նրան, որ հոգ են տանում մեկը մյուսի նկատմամբ, բայց իրար հետ չեն խոսում, դիալոգի մեջ չեն մտնում: Այդպես է կառուցված ողջ գիրքը, որն ինձ համար ինչ-որ տեղ «չելենջ» էր, արդեն ոչ որպես սցենարիստի, այլ՝ որպես գրողի: Կարող ես այնպես տանել պատմությունը, որ պակասը չզգացվի:

— 90-ականների սերունդը կոփվեց նաեւ այդ դժվարությունները հաղթահարելով

— Այո, ես ավելի կողքից եմ նայել իմ սերնդակիցներին, որոնք բուհից գուցե դուրս մնացին, սփռվեցին աշխարհով մեկ, բայց հենց այդ սերունդն ունեցավ մեծ հաջողություններ իրենց բնագավառներում: Դա կոփվելու արդյունքն էր: Իհարկե, ես ազնիվ եմ եղել իմ գրվածքում: Անթերի չի եղել: Այո, մենք հաղթողի հոգեբանությամբ մեծացանք, բայց շատերի մոտ կիսատ մնաց ուսումը, առողջական խնդիրներ ձեռք բերեցինք, որովհետեւ անգամ սնունդն էր Մենդելեւի ողջ աղյուսակն իր մեջ պարունակում՝ ձվի փոշի, կաթի փոշի, կանադական չոր անհասկանալի թխվածքաբլիթներ, Յուպպի հյութեր, բայց դրանք ինչ էր, Աստված գիտի, եւ ուտելուց հետո 10-20 տարի անց մեր սերնդակիցներն առողջական խնդիրներ ունեցան: Եվ, վերիվերջո, նյարդային համակարգը: Այն ռոմանտիկան, որ լույսը գնում էր բոլորը հավաքվում էին հարեւանի տանը, մեկը դաշնամուր էր նվագում, մյուսը երգում էր, դա՝ այո՛, հետաքրքիր էր, սակայն դա ազդել է հոգեբանության վրա՝ կղզիանում է մարդը: Մի անգամ մեր տան լույսերը անջատվեց, եւ ես կիսով չափ սկսեցի լվացվել: Երեխաս զարմացած նայում էր, թե այդ ինչպես կարողացա մեկ ձեռքով արագ-արագ ուսերով լվացվել: Այս սերունդը մեր մասին ոչինչ չգիտի: Նրանք անգամ չգիտեն, թե տանն ամեն դեպքում ինչի համար է պետք մոմ եւ լամպ պահել: Ի դեպ, գրքիս շապիկի լամպը պատահական չէ: Մենք դիզայներ Արմեն Քոչարյանի հետ որոշեցինք, որ շապիկն այդ կերպ պետք է լինի: Երբ նոր էի գրել գիրքս, այս աստիճան ոգեւորված չէի, սակայն, երբ կարծիքները կողքից լսում եմ, ոգեւորվում եմ եւ ասում, իսկապես, կարդացեք: Գիրքը միայն 90-ականների մասին չէ, կան նաեւ մերօրյա նկարագրում, երբ ընկերները Ամերիկայում հանդիպում են: Կյանքի բոլոր դպրոցները եւ դրվագները նկարագրած կա:

«ԱՌԱՋԻՆ ԵԿԱԾ ՄՏՔԻ ՀԵՏ ՊԵՏՔ Է ՇԱՏ ԶԳՈՒՅՇ ԼԻՆԵԼ»

— Ո՞վ եղավ Ձեր ոգեշնչման աղբյուրը: Կա՞ր նման գրող:

— Յուրաքանչյուր գրող իմ մոտ ունեցել է ազդեցություն, թե հին դասականներից, եւ թե ժամանակակից գրողների մեջ: Կոնկրետ ընկերախմբի, կամ փոխհարաբերությունների մասին ՝ «Երեք ընկերը», Ռիբակով «Արբատի զավակներ», Սովետական ժամանակշրջանի գրողները, ներկայիս գրողներից Էդգար Կոստանդյանը եւ այլն: Բայց, այնուհանդերձ, ես փորձել եմ առանձնանալ եւ առանձին լինել, ինչպես նաեւ դա անում եմ իմ նախագծերում:

— Գիրքը ֆիլմ կդառնա՞:

— Գիտե՞ք ինչ, ով կարդում է, ասում է սա ֆիլմ է: Երեւի թե, սցենարիստի մասնագիտությունս ինձ այդ հարցում օգնել է, որ ֆիլմային գրեմ՝ դիալոգներն են շատ հետաքրքիր, հենց այնպես չեն լցվել: Մեջը կա կատակ-փիլիսոփայություն եւ հումոր-տրագեդիա իրար կողքի:

 «Կուկուռուզնիկը» չե՞ք կարոտում: Ես կարոտում եմ:

— Մենք չորս տարի աշխատել ենք «Կուկուռուզնիկում», երբ եթեր էր հեռարձակվում «Բերնարդ շոուն»: Շաբաթական 5 օր ուղիղ եթեր էինք մտնում: Առավոտյան սցենարը գրում էինք, երեկոյան եթեր մտնում: Միգուցե եթե չլիներ 5 օր, այլ 3 օր ավելի լավը լիներ, որ ունենայինք ժամանակ պատրաստվելու եւ հանգստանալու: Այժմ նման շոու ծրագիր չկա: Այո, «Կուկուռուզնիկը», այնտեղի «Զելյոնին» եւ պտտվող ռեստորանը հիշեցի: Պտտվող ռեստորանն այն ժամանակ իմ համար ամենամեծ հրաշքն էր: Ես շատ եմ ափսոսում «Կուկուռուզնիկը»: Պատկերացնում եք՝ այսօրվա Երեւանում լիներ այդ ռեստորանը, տուրսիտները հերթ կկանգեին:

— Ընթերցասեր հանդիսատեսը գիրքը որտեղի՞ց կարող է ձեռք բերել:

— «Բուկինիստ» եւ «Զանգակ» գրախանութներից: Հիմա շատ քիչ է մնացել եւ շուտով երկրորդ խմբաքանակը կլինի: Արդեն տպագրված է ու եկող շաբաթ կլինի խանութներում: Շնորհակալ եմ բոլորից, ովքեր հավատացին ինձ ու ձեռք բերեցին գիրքս եւ չեն փոշմանել դրա համար: Այնուամենայնիվ, 9 տարի ուսումնասիրել եմ, գրել եմ: Որպես գրող մարդ՝ պետք է ասեմ, որ առաջին եկած մտքի հետ պետք է շատ զգույշ լինել, որովհետեւ այդ առաջին միտքը քո ենթագիտակցությունից եւ բնությունից եկածն է, սակայն  բնականաբար, այն պետք է խմբագրել, մշակել եւ նոր հանձնել թղթին:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ