- 20/08/2022
Ռուսաստանի քաղաքական վերնախավը պետք է մաքրել. Միլոնովը

Ռուսաստանի քաղաքական վերնախավը պետք է մաքրել: Այս մասին հայտարարել է Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը` սենատոր Էդուարդ Իսակովի դստեր հետ սկանդալից հետո։ Հիշեցնենք, որ Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանի սենատոր Էդուարդ Իսակովի դուստրը՝ Դիանան հայտարարել է Ռուսաստանից հեռանալու և Ուկրաինայում ռազմական գործողության դեմ արտահայտվելու մասին։ Դրանից հետո 49-ամյա սենատորը Telegram-ում գրել է, որ դադարեցրել է շփվել դստեր հետ, քանի որ կարծում է, որ նա «վաճառել է հորը, ընտանիքը, հայրենիքը և հեռացել Ռուսաստանից»։ Սենատորն իր դստերը «դավաճան» է անվանել։
«Հարց է առաջանում՝ ինչպե՞ս են դաստիրակել նրան։ Սա ազդանշան է ողջ քաղաքական էլիտային՝ մարզպետների, սենատորների և այլ քաղաքական գործիչների մակարդակով, որ զտումներ են անհրաժեշտ: Այժմ երկրում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ կատակներն ավարտվել են»,- ասել է Միլոնովը։
Պետդումայի պատգամավորն առաջարկել է ռուսական քաղաքական վերնախավին հաշվետու լինել նույնիսկ չափահաս երեխաների, ինչպես նաև ծնողների ֆինանսական վիճակի համար։ «Հուսով եմ, որ այս իրավիճակը լակմուսի թուղթ կլինի բոլորի համար։ Օրինակ՝ իմ որդիները երբեք իրենց թույլ չեն տվել նման բաներ անել»,- հավելել է Միլոնովը։